ԱԺ այս քառօրյան փայլեց իր բառուբանով: «Մայրամուտ» ապրող այս գումարման խորհրդարանում գնալով թեժանում է մթնոլորտը: Ցավոք, ոչ առողջ բանավեճի շրջանակում: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր բառապաշարով «փայլեց» Առաքել Մովսիսյանը` Նիկոլ Փաշինյանի հասցեին նետելով անպարկեշտ արտահայտություններ` «համբալ, դիշովկա, վեր ընգի տեղդ»: Սակայն առավել ուշագրավ մի դրվագ կար, ինչն «ակվարիում» հիշեցնող լրագրողների սենյակից լավ չլսվեց: Շմայսը վերջում ընդդիմադիր պատգամավորին ասել էր. «Պապայիդ բիզնեսների մասին հերիք ա խոսես»: Ըստ էության, սրանով կասկածի տակ է դրել Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր լինելու հանգամանքը և նրան «կապել» իշխանության վերին օղակներից մեկի հետ: Երեկ ՀՀԿ-ում կեսկատակ, կեսլուրջ գլուխ էին «կոտրում», թե Շմայսը Փաշինյանի ո՞ր «պապայի» մասին էր ակնարկում, ո՞վ կարող է նրա հետ կապ ունենալ: Իսկ մինչ այդ «Իրատեսը» խորհրդարանականներից հետաքրքրվեց՝ օրենսդիր մարմնի ներկայացուցչին նման բառապաշար օգտագործելը հարի՞ր է:
ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ (ՀՅԴ խմբակցության քարտուղար)
-Շատ վատ է, անթույլատրելի: Մարդիկ պետք է կարողանան իրենց զսպել: Սա այն դահլիճն է, ամբիոնը, հարթակը, որտեղ նման վեճերը դատապարտելի են:
ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ (ՀՀԿ խմբակցության անդամ)
-Վատ եմ վերաբերվում ԱԺ-ում նման խոսակցություններին:
-ՀՀԿ-ում չե՞ք քննարկել, որ նիստերի դահլիճում պատգամավորը չպետք է անվայել բառապաշար օգտագործի:
-Մարդկային բնավորության դրսևորումներ են դրանք, թեպետ առաջինը Նիկոլ Փաշինյանին պիտի հորդորեմ, որ քննադատական խոսքերը չանձնավորի: Այսինքն, անձի նկատմամբ վիրավորանք չլինի, առավել ևս երբ խոսքը նախագահի մասին է:
-Պատգամավորն իր հարցին պարզապես սրություն հաղորդեց: Ի դեպ, նախկինում առավել սուր հարցադրումներ են եղել:
-Վիրավորանքի ելևէջներ կային հարցում: Տեսել ենք՝ տարբեր պառլամենտներում ինչ է տեղի ունենում: Փառք Աստծո, մենք հեռու ենք այդ բռի միջավայրից: Առանձին դեպքերում լինում են նման դրսևորումներ, ինչը մեր էթնիկ խառնվածքին հարիր չէ:
ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ (ՀՀԿ խմբակցության քարտուղար)
-Կարծում եմ, ճիշտ չէ նման բառապաշարով ցանկացած խոսակցություն:
-Հնարավո՞ր է՝ ձեր կուսակցին նկատողություն «հայտարարեք»:
-Կրկնում եմ` ամեն դեպքում ճիշտ չէր այդ բառապաշարը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ